Posted in Հոդված

Ուսուցիչների կամավորման ատեստավորման մասին

Ուսուցիչների կամավոր ատեստավորում երևույթը ոչ այն ինչ է, քան ծաղր մեր հասարակության ամենակարևոր օղակներից մեկի հասցեին: Բովանդակային առումով ոչինչ չներկայացնող, ուսուցչի գիտելիքը կասկածի տակ դնող ,դպրոցական մակարդակի թեստեր: Ինչ էին իրենցից ներկայացնում նախորդ տարվա թեստերը: Ամբողջապես վերցված էին շտեմարաններից: Այսինքն մենք վստահություն չունեինք ինքներս մեզ նկատմամբ ,որ կասկածի տակ էինք դնում դպրոցում դասավանդող ուսուցչի գիտելիքը, և 12-րդ դասարանի քննական առաջադրանքներ էինք տալիս: Վերջում պիտի խոսեմ աշխատավարձի մասին, փայլուն(ծիծաղում եմ) մակարդակ ապահոված ուսուցիչը իր խայտառակ աշխատավարձի 50%-ի չափով է ավել վարձատրվելու, որը բարձրացնելուց հետո էլ հասարակ բանվորի աշխատավարձի չափին դժվար թե հասնի: Մեկ բառով խայտառակություն է այս ատեստավորումը:Ինչ է ավելացնելու ուսուցիչը գիտելիքի մասով՝ ոչինչ:

Հ.Գ. Ատեստավորումը որպես պրոցես առաջ քաշած մարդիկ թող իրենց հարց տան , ինչու խելքը գլխին սովորողների մեծամասնության մտքով չի անցնում ուսուցիչ դառնալ:Կարծում եմ, այս հարցը տալով պիտի և հասկանալի լինի իրենց այսպիսի որոշումներ այլևս չկայացնելու անհրաժեշտությունը,փոխարենը վերականգնելու պատվաբեր ստատուսը մանկավարժի՝ իհարկե հիմքում ունենալով ուսուցչի աշխատավարձի նվազագույնը եռակի բարձրացումը՝ առանց այլևայլությունների:

Posted in Հոդված

Աշոտ Բլեյանի մասին և ոչ միայն…

   Որպես կրթահամալիրի դասավանդող և ընդհանրապես սեբաստացի , ես բովանդակալից և հարուստ <<անցյալ>> չունեմ, բայց այս կարճ ընթացքն էլ բավարար էր ծանոթանալու բոլորի, ամեն ինչի և նաև կրթահամալիրի հիմնադիր, ղեկավար Աշոտ Բլեյանի հետ:  Ընդհանրապես ես այն մարդկանցից չեմ, ով պարտադրված ինչ-որ ասելիք կասի: Երևի թե հասկանալի է, ինչի մասին եմ ցանկանում իմ մտածածով կիսվել: Ես թերևս կխոսեմ իմ կրթահամալիրում աշխատելու արդեն 3 տարիների, օր-օրի փոփոխվող և  վերելք ապրող ընթացքի մասին: Ցանկանում եմ խոսել առաջնահերթ տիար Բլեյանի ոչ ոքի ոչ չասող տեսակի մասին: Մարդ, ով բոլորին հնարավորություն է տալիս( որն իմիջիայլոց մեր իշխանությունների ուշադրության կենտրոնում պիտի լինի) , մարդ, ով ցանկացած լումա ներ է դնում մեկ ավել բան կրթահամալիրում ավելացնելու, ստեղծելու համար(խոսքս ֆինանսականի մասին է), մարդ ով սովորողների հետ գտնվում է անմիջական շփման մեջ, մարդ ում երբևէ ցանկացած հարցով դիմում ես, օգնություն ես ստանում: Նշածս կետերից ոչ մեկը չունի Հանրապետությունում և ոչ մի դպրոցի ղեկավար: Ասում են օրենքը բոլորի համար է, 65 տարեկան է թող գնա տուն: Ես օրենքի կողմնակից եմ, բայց սա հենց այն եզակի դեպքն է, որ պիտի ի օգուտ տքնաջան աշխատանքի, չարչարանքի հանգուցալուծվի:  Դե թող համարձակվի այլ տնօրեն բողոք ներկայացնի այս հարցում և դեմ կանգնի: Ես վստահ եմ , բոլորը տեսնում են կանաչապատ Բանգլադեշը, ծաղկող կրթահամալիրը, սովորողների թվաքանակի անընդհատ աճը, նրանց զվարթ դեմքերը, աշխատանքի հնարավորություն ստացած ուսուցչական կոլեկտիվը: Ինձ համար ուղղակի ցավալին այն է, որ այս ամենը չեն փորձում տեսնել մերօրյա պատկան մարմինները: Ես ուղղակի ցավ եմ ապրում: Ինչևիցե, տա Աստված , որ համապատասխան մարմինների մոտ սթափությունը իշխող լինի, բայց մի արասցե, եթե Աշոտ Բլեյանը մեկ քայլ հետ քաշվեց կրթահամալիրից , ամեն ինչ կործանման կդատապարտվի և 3500-ին հասնող սեբաստացիների , նրանց հարազատների կրած ամեն մի վնասի պատվիրատուն մնալու եք դուք և ձեր ոչ կշռադատված որոշումները: Եթե օգուտ չեք տալու, ապա վնաս էլ մի տվեք, 1 օրում չի այս ամենը արարվել, մարդիկ տարիներ, կյանք են ներդրել այս ամենին հասնելու համար: Աշխարհը ինչու է այսքան սխալ, այսքան ծուռ: Ինչու պիտի բացատրություն, արդարացում տաս ստեղծածդ պահպանելու համար: Մաղթում եմ ձեզ առողջ դատողություն կրթության հարգելի  ներկայացուցիչներ:

Posted in Հոդված

Մի դասավանդողի դիտարկումներ առցանց ուսուցման վերաբերյալ

  Քանի որ մեր մոլորակը այս օրերին դեռևս համաճարակային ցմցման մեջ է, մենք՝ բնության ենթականերս  ապրում, աշխատում ենք բևեռացված ու բաժանված աշխարհում: Իրավիճակի թելադրանքով՝ որդեգրել ենք գործունեության մի նոր տեսակ , որը իր բնույթով կարելի է համարել և՛ ռիսկային, և՛ շահավետ, և՛ պայթյունավտանգ: Տեսակը բոլորիս հայտնի հեռավար առցանց ուսուցումն է:  Բայց այստեղ հարց է առաջանում՝ որքանով են օգնում այսպիսի առցանց մեթոդները մեր ապագա սերնդին: Սա բավականին փխրուն մի թեմա է, որը կարծես թե սկսում է հասարակության մի ստվար զանգվածի դուր գալ և նրանք առաջ են քաշում միտք.<<Համաճարակից հետո լավ կլինի  աստիճանական անցնենք հեռավար-առցանց ուսուցման մեթոդին >>: Այսպիսի մտքերը սարսափեցնող կարելի է համարել: Ինչպես կարելի է թեկուզ  սովորական շփումը, ընկերությունը, նախկին կյանքը փոխարինել նստակյաց ու մեկուսի մի իրավիճակի: Ուսուցման գործընթացի համար անմիջական շփումը շատ կարևոր է: Դասավանդողի դեմքի արտահայտությունը, շարժուձևն են կենդանացնում դասը, իսկ այդ դեպքում սովորողն  ավելի անմիջական է շարադրում իր հարցերը:

 Այս ամենը հաշվի առնելով ունեցա  բաց-դաս քննարկում 6-րդ դասարանի հետ, հետաքրքիր էր լսել նրանց կարծիքը: Բոլորը միաբերան նշում էին կարոտն առ դպրոց, ընկերներ, շփում: Ոմանք էլ նշում էին , թե դժվարությամբ են ընկալում նյութն  այս կերպ:  Վերջին մտքի վրա եմ ուզում կանգ առնել: Ինչքանով է մեզանում հեռավար-առցանց ուսուցումը արդյունք ապահովում: Գիտական տեսանկյունից կրթություն ստանալու այս ձևն ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում։   Ցավով պիտի նշեմ, որ այս ձևաչափում կազմակերպվող դասերին սովորողների մի հատված չի ներգրավվում: Ի զարմանս ինձ (քանի որ բոլորս գիտենք , որ ՄՍԿՀ-ում յուրաքանչյուր սովորող անպայման թվային գործիք պիտի ունենա) պատճառաբանվում է գործիքի բացակայությունը:  Սովորողների մի հատված տեսակապին միանալու ընթացքում համակարգչի տեսախցիկը չի միացնում. պատճառաբանվում է անսարքությունը: Կարծում եմ մի քիչ հեռատես լինելն անգամ բավական է ենթադրելու , թե ինչու են կյանքի կոչվում այդպիսի գաղափարները(համակարգչով խաղալ, միանալ կապին ու այլ զբաղմունք գտնել և այլն): Սրանք միանշանակ բացասական կողմերն են: Իմ փորձից նաև առավելությունն եմ ցանկանում նշել: Ի ուրախություն ինձ՝ հեռավար ուսուցման այս ձևի շնորհիվ ծնողների մեծամասնությունը անմիջական մասնակցություն է ունենում իրենց երեխաներին կրթելու, դաստիարակելու գործում: Սովորողներ ունեի ուստարվա ընթացքում , որ գրեթե ոչինչ չէին անում, կոպիտ ասած գիտելիք ասվածն իրենց չէր հետաքրքրում: Այս մեթոդի շնորհիվ ոչ միայն տեսակապին են պարտաճանաչ միանում, այլև հանձնարարված առաջադրանքները, նախագծերը մեծ ոգևորությամբ կատարում են: Հատկապես Միջին դպրոցի առումով է պատկերն ավելի բնութագրող: Իհարկե տեսակապի ընթացքում նույնիսկ ծնողի շշուկով ձայներն են  լսելի լինում, բայց դա  միայն ուրախացնող է, չէ որ ծնողը անմիջական մասնակիցն է դառնում , գիտելիք ստացողը, գիտելիք տվողը:  Այսպիսի մի խոսք կա.<<Վատ ուսուցիչը մատուցում է ճշմարտությունը, լավը սովորեցնում է գտնել այն>>: Չեմ ուզում միայն այսպես ասած մեղքը բարդել կրթության այս տեսակին,  կրթություն տվողից է միայն արդյունքը շոշափելի դառնում:  Մեր իրականության մեջ շատ դասավանդողներ տեսության են վերածում դասը, ամբողջ դասը դասախոսության են վերածում՝ սովորողին լսելը, խնդիրներ բարձրաձայնելը մղվում է երկրորդական պլան: Սա վատ տենդենց է, որը գուցե մեզ այդքան էլ չի սպառնում (ՄՍԿՀ-ին), քանի որ այսպիսի պահպանողական արժեքներ պատկառելի տարիքի տեր դասավանդողների են հատուկ:Ինչպես կարելի է հնարավորություն չտալ սովորողին լինել հեղինակ, նախաձեռնող, իր սեփական  կարծիքն արտահայտող անհատականություն: Սրանք նրբություններ են, որոնք թվում են, թե մանրուքներ են և ոչնչի վրա չազդող լոկ սուբյեկտիվ մտքեր, բայց այս մտքերն են, որոնք ձևավորում են դեռահասի, պատանու ԵՍ-ը: Վերջին արծարծված մտավախությունս ոչ միայն հեռավար-առցանց ուսուցմանն էր հատուկ, այն հատուկ էր նաև սովորական մեթոդով դասապրոցեսի կազմակերպման ընթացքին: Այս ամենը վկայություն է նրա մասին, որ դեռ լրացնելու բացեր կան:  Սրանք դիտարկումներ են, որոնք ես հասցրեցի վերուծել  իմ մտքի և հետագա աճի կատարելագործման համար:

Վերջում պիտի նշեմ, որ առցանց կամ սովորական մեթոդների միջև ընտրության դեռևս հնարավորություն չկա, որովհետև  <<ամենակարող>> մարդը մեկ անգամ ևս համոզվեց, որ բնությունն անհաղթելի է,  և նա  մեզ պարտադրում է ընտրել առաջին տարբերակը: Իսկ մնացածը այստեղից ծնվող հարցեր են: Միայն վստահաբար կարելի է ասել՝ ուղեղը ի վիճակի չէ ուշադրություն դարձնել ամեն ինչի, ոչ հետաքրքիր, ձանձրալի կամ էմոցիոնալ, մռայլ դասերը պարզապես չի հիշում: Ուրեմն եկեք այս դժվարին պահին հետաքրքիր ու անմոռանալի դարձնենք մեր սովորողների առօրյան՝ հիշելով, որ նրանք տանը նստած արդեն կորցրել  են իրենց կյանքի 1 հրաշալի գարուն, հնարավոր է նաև ամառ:

Posted in Հոդված

Հեռավար-ցանցային մաթեմատիկան մեր օրերում

     Մարդկությունը իր ծագման և արարման որոշակի հատվածներում բախվում է այնպիսի իրավիճակների կամ ավելի ճիշտ անկումային էտապների, որոնք պահանջում են արդյունավետ, հանրօգուտ լուծումներ: Եվ ահա մեր ներկայիս սերունդը դարձավ այն <<երջանիկ>>-ը, որը <<պատիվ>> ունի հաղթանակով դուրս գալու՝ դեռևս մշուշում գտնվող ու իր դիրքերն ամրապնդող Կորոնավիրուս անվամբ  գերխնդրի դեմ պայքարում: Այս ամենը իր հետևանքն է թողնում բնականաբար մեր ապրելակերպի, կրթության կազմակերպման և այլ հարցերի շուրջ: Օրեր առաջ պատկան մարմինների կողմից որոշվեց կրթությունը , ուսումը կազմակերպել առցանց հիմունքներով: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը անմասն չի մնում որոշումներից և կրթահամալիրի տնօրենի որոշմամբ մենք նույնպես պետք է իրականացնեինք առցանց ուսուցում: Այս որոշումը ինչքան որ սպասելի էր՝ կապված օր օրի մոլեգնող հիվանդության տեմպերի հետ , այնքան էլ անսպասելի էր, որոհետև մի շարք դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ ուղղակի չեն տիրապետում  առցանց ուսուցում իրականացնելու հմտություններին:  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը փաստորեն այն եզակի դպրոցներից է, որի համար առցանց ուսուցումը հեշտությամբ կարելի է դարձնել սովորողի առօրյայի մի մաս ու առանց  խուճապի կազմակերպել ուսումնական գործընթացը: Առցանց ուսուցում կազմակերպելու փորձ ունեցող կրթահամալիրս այս շաբաթվանից էլ սկսեց շարունակել նույն գործընթացը: Սկսվեցին առցանց դասերը, տեսակապերը :                                                                     Տեղեկացված լինելուս անմիջապես հաջորդեցին աշխատակարգ կազմելս, 4567-րդ դասարաններին վերաբերող նախագծերի վրա աշխատելը, ուսումնական փաթեթներ կազմելը: Միջանկյալ. դրան նպաստում էր նաև սովորողների ակտիվությունը, որովհետև հանձնարարվող նյութի նույնիսկ մի ժամ ուշացմանը՝ սովորողների կողմից outlook-ում հաղորդագրությունների տարափով էր լցվում: Այնուամենայնիվ սովորողների մի ստվար զանգված չէր պատկերացնում առցանց ուսուցում ասվածը և մինչև շաբաթվա կեսերը որդեգրել էր արձակուրդում գտնվելու քաղաքականություն:Սակայն գիտակցությունը կարճ ժամանակում հաղթեց մարդկային բնազդին և բոլորը սկսեցին պահի լրջությունը տարբերակել երկրորդական հանդիսացող հանգամանքներից:                           Վերադառնալով վերոնշյալ նյութերի պատրաստման թեմային, պետք է նշեմ, որ դա բավական չէր, որպեսզի սովորողը կարողանա անհրաժեշտ գիտելիքների պաշարը ստանալ: Որպես օժանդակ միջոց օգնության հասան տեսադասերը, որոնք շատ սիրվեցին սովորողների կողմից: Դե իհարկե տեսադաս կազմակերպելու համար պիտի ընտրել այնպիսի ծրագիր, որն ապահովի կոնկրետ մաթեմատիկայի տեսանկյունից անհրաժեշտ չափորոշիչները՝ օնլայն գրատախտակ, մաթեմատիկական պատրաստի բանաձևեր կիրառելու ծրագրեր(Math-o-mir) և այլն: Ընտրվեց Microsoft Teams ծրագիրը: Ունեցանք 4 տեսադաս՝ 4-7-րդ դասարանցիների հետ:

 

Սովորողների ոգևորվածությունը  և սպասումը տեսադասին, քննարկումները ինձ նույնպես ոգևորեցին: Այնպիսի զգացողություն էր, որ մենք մեր սովորական դասն ենք կազմակերպում: Նույնիսկ մի պահ կորցրել էինք ժամի զգացողությունը և 6-րդցիների հետ պարապմունքը տևեց 1 ժ 20 ր: Տեսակապը այնպիսի մի հնարավորություն է ինքնին, որ քեզ ու սովորողին թույլ է տալիս ընտրություն կատարել բազմաբնույթ մաթեմատիկական կայքերից: Մենք տեսադասերին կիրառում էինք <<Քան ակադեմիա>>   , <<իմ դպրոց>> կայքերը, որոնք իմիջիայլոց նոր նյութ բացատրելուց մեզ ավելի օգնեցին , քան սպասվում էր: Տեսադասերից բացի սովորողների շրջանում ոգևորություն են առաջացնում նախագծերը, որոնք կապված են գրաֆիկների, դիագրամների կազմման հետ: Կարող եմ նշել նաև 4-րդցիների պատրաստած տեսանյութերը, որոնք կապված են եղել Մաս, ամբողջ թեմայի հետ: Առցանց ուսուցման այս ձևաչափի առավելություններից է նաև սովորողի ինքնավստահությունը, նոր միտք  առաջարկելու և սխալվելու անվախությունը: Ինչպես ասում են ամեն վատ երևույթ ունի նաև  իր դրական կողմերը:  Տեսանյութերով ուսուցման դրական կողմերից է նաև ծնողի մասնակցությունը,ոգևորվածությունը  դասերին: Այնքան հետաքրքիր էր սովորողներին տեսակապն իր բնույթով, որ ծնողներից ոմանք առաջարկեցին մաթեմատիկայի տեսակապերը ըստ դասացուցակային ժամերի կազմակերպել:

Բայց իմ դասապրոցեսը հաջողելուց բացի ես իմ առաքելությունը կհամարեի անկատար, եթե ձեռք չմեկնեի իմ ընտանիքի մյուս մանկավարժական կազմին(մայր, հորաքույր): Նախ բացատրել, թե որտեղից եմ սովորել Microsoft teams կամ Zoom ծրագրերի նրբություններին՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, իսկ ավելի կոնկրետ Հերմինե Անտոնյան հմուտ դասավանդողի յութուբյան տեսանյութից, այնուհետև ներբեռնել համապատասխան ծրագրերը և հանգստացնել նրանց, քանի որ րոպե առաջ համոզված էին , որ հետ են ընկնում և չեն հասցնի նյութն ամբողջությամբ ավարտել ուստարում: Այնուհետև պատկերացրեք ուրախությունս, թե ինչպես այդ մի փոքր քայլը եղավ օգտավետ եղավ հարազատներիս , ապա նաև մեր փոքր համայնքի համար: Իսկ իմ հարազատ մանկավարժներից օրինակ վերցրին մի ամբողջ դպրոցի ուսուցչական կազմ և վերադարձան իրենց <<բնականոն աշխատանքին>>:

   Իսկ եզրափակելով թեման, հուսանք, որ հեռու չի լինի այն օրը, երբ պայծառ տրամադրությամբ դպրոց կհաճախենք, կտեսնենք մեր սովորողներին, դասավանդողներին, որոնց  մեկ օրով չտեսնելը նույնիսկ կարոտ է առաջացնում:Երանի օր առաջ  նահանջի իր դիրքերը  դժնդակ հիվանդությւնը, որ հաճախեմ մեր հարազատ Հարավային դպրոցը,տեսնեմ բոլորից տարբերվող(թերևս ինձ համար),աստղաձև ու հմայիչ Հարավի դասավանդող աղջիկներին, քննարկումներ անենք ու պլանավորենք մեր առօրյան: Աստված առաջ:

Posted in Հոդված

Մաթեմատիկայի դասավանդումը նախագծերի միջոցով

 

   2018-2019 թթ. ուստարին ինձ համար կյանքի նոր շրջափուլ կարելի է համարել: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ես առաջին անգամ որպես մաթեմատիկայի ուսուցիչ մուտք գործեցի կրթահամալիր: Երբ հարցազրույցի կանչեցին, մտածում էի, որ ամեն դեպքում չէի աշխատի դպրոցում, որպես օրինակ մտքումս ունենալով սովորական հանրակրթական դպրոցները, որտեղ աշակերտները գիտելիքներ են ստանում դեռևս ավանդական հին մեթոդներով՝ առանց  ստացած գիտելիքների կիրառության, առանց փորձերի, առանց ծանոթությունների և մի շարք առանց-ների: Այդ պարագայում ստացված գիտելիքները ըստիս շատ հեղհեղուկ են և մի պահ է գալիս, որ ոչինչ չի մնում նախկինից: Բայց երբ մոտեցա կրթահամալիրի տնօրինությանը և ինձ մանրամասն ներկայացրեցին վերջինիս առավելությունները՝ նախագծային և բլոգային ուսուցումը, զարգացնող միջոցառումները, կրթական  և ճանաչողական արշավների հաճախակի կազմակերպումը դեպի Հայաստանի, ինչու չէ նաև հարևան երկրների ուսումնական հաստատություններ և պատմամշակութային վայրեր, ես առանց տատանվելու ցանկություն հայտնեցի աշխատանքի անցնելու : Հենց այդպիսի փոխանակումներն են , որ սովորողների մոտ կարող են արմատացնել ձեռք բերվածը և երբեք մոռացության չմատնել ունեցածը:

  Անցա փորձաշրջանի փուլ: Սկսվեցին աշխատանքները, որոնք պետք է համեմվեին նախագծերով և սովորողների զանազան առաջարկություններով,որոնցից լավերը միանշանակ պետք է իրենց լուծումը ստանային: Սկսեցինք մեր ուսուցանվող թեմաներին զուգահեռ իրականացնել այնպիսի նախագծեր, որոնք ուղղակի կապված են մեր ընթացիկ թեմաներին:

      21-րդ դարում ցանկացած առարկայի դասավանդման ընթացքում պետք է առաջնորդվել ոչ միայն չափորոշիչներով և նյութի  տեսական մասը մատուցելով, այլ առարկան պետք է կապել իրականության և ժամանակի հետ:
Ահա ինչու՞ չափորոշիչներին համապատասխանող նախագծերին զուգահեռ ուսումնական տարվա ընթացքում հաճախ առաջադրվում են այնպիսի նախագծեր, որոնք կիրառվել ու կիրառվում են իրականության մեջ և որոնց հիմքում մաթեմատիկան է: Պետք է նշեմ, որ այդ նախագծերը սովորողները կատարում են էլ ավելի ոգևորությամբ  ու հետաքրքրությամբ: Այդ հետաքրքիր նախագծերի հետազոտման, նորանոր փաստերի հավաքագրման աշխատանքների ընթացքում համոզվում են, որ մաթեմատիկան ամենուր է և կարելի է առանց վարանելու ասել, որ ամեն ինչի հիմքում մաթեմատիկան է:

Ցանկացած իրականացվող մաթեմատիկական նախագիծ ունի որոշակի պայմաններ, որոնց կատարման արդյունքում էլ վերջինս կարելի է համարել հաջողված:Այդպիսի պայմաններն են՝

  • Նպատակ և ցանկություն
  • Թեմայի տեսական մասի ծանոթություն
  • Քննարկում սովորողների հետ իրականցվող նախագծի վերաբերյալ
  • Համապատասխան տեղանքի ընտրություն
  • Մաթեմատիկական ընթացք` թեմայի կիրառություն գործնականում
  • Ստացված արդյունքների քննարկում
  • Եզրակացություն
  • Լուսաբանում բլոգներում

Նպատակ: Այսինքն այստեղ կարևոր խնդիր է, թե ինչ նպատակ ունի մեր մաթեմատիկական նախագիծը և սովորողի մոտ ինչպիսի փոփոխություն է ակնկալվում: Բուն մաթեմատիկական նախագծերը նպատակ ունեն՝

  • տեսական գիտելիքները վերածելու գործնականի, այսինքն սովորողը չի բավարարվում միայն վերացական տերմիններ և մեծություններ լսելով, այլ նա  հետազոտություն և հաշվարկներ իրականացնելով՝ հանգում է վերջին ասվածին, որից հետո հիմնավոր և հաստատուն գիտելիքներով առաջ է շարժվում
  •  ձևավորել դրված խնդիրը լուծելու ուղիների որոնման հմտությունը
  • խմբային աշխատանքի միջոցով ավելի շատ փորձ ու գիտելիքներ ձեռք բերել, քանի որ ցանկացած միտք նախագծի ընթացքում խմբի որևէ անդամի կողմից միշտ ավելի հեշտ է ընկալվում և ամբարվում մյուսների շրջանում
  • հնարավորություն տալու, որ յուրաքանչյուր սովորող իրեն զգա ընդունակ և օգտակար

       Թեմայի տեսական մասի ծանոթություն: Սա նույնպես կարևոր է, որովհետև նախքան գործունեություն իրականացնելը սովորողը պետք է տեղեկություն ունենա տվյալ նյութից, որը հիմքն է մեր նախագծի:

      Քննարկում սովորողների հետ իրականցվող նախագծի վերաբերյալ: Ճշտումներ ենք անում, թե յուրաքանչյուրիս մոտ ինչպիսի խնդիր կարող է առաջանալ նախագծի ընթացքում, արդյոք ունենք ՝

  • պահանջվող տարրական գիտելիք նյութի վերաբերյալ
  • անհրաժեշտ պարագաներ

       Եթե ունենում ենք խնդիրներ, ապա փորձում ենք շտկումներ անել և առաջ անցնել:Այնուհետև կատարում ենք

  • խմբերի բաժանում՝ կախված նախագծից
  • խնդրի բաժանում ենթախնդիրների՝ կախված նախագծից(եթե նախագիծը լայնածավալ է, օրինակ նախագիծ ունեինք, ըստ որի պետք է հաշվեինք Հարավային դպրոցի մակերեսը, առանձին-առանձին խմբերին հանձնարարվեցին հաշվարկների համար կոնկրետ հատվածներ դպրոցից և վերջում ստացված տվյալները միավորեցինք)

 

Համապատասխան տեղանքի ընտրություն: Կախված եղանակային պայմաններից և իրականացվող նախագծի բնույթից միջավայրը կարող է լինել փոփոխական:

  • դպրոցի բակ(արագության, ժամանակի և ճանապարհի նախագիծը)
  • դասասենյակ(դպրոցի հատակագծի վերաբերյալ նախագիծը)
  • խոհանոց(կոտորակների վերաբերյալ)
  • ճամփորդական վայր

 

Մաթեմատիկական ընթացք` թեմայի կիրառություն գործնականում: Այստեղ նախագծի հիմանական և կարևոր մասն է ընդգրկվում: Անհրաժեշտ գործունեություն է ծավալվում:

 

Ստացված արդյունքների քննարկում: Վերջում ունենում ենք արդյունքներ: Այն իր մեջ ընդգրկում է հետևյալ փուլերը:

  • Տվյալների հավաքագրում ամեն խմբի կողմից
  • Քննարկում
  • Անհամաձայնությունների դեպքում կրկնակի հաշվարկ
  • Արդյունքների միավորում

Եզրակացություն: Վերջում միասին փորձում ենք պարզել, թե նախագիծը մեզ ինչ տվեց: Ինչ սովորոցինք այս նախագծից, արդյոք պարզ էր <<օդում կախված>> մեծությունների առաջադրումը մաթեմատիկոսների կողմից, որն էր առաջացած դժվարությունը, ինչպես այն հաղթահարեցինք:

Լուսաբանում բլոգներում: Սա նույնպես կարևոր կողմ է: Վերջինս նպատակ ունի՝

  • Շարադրելու սովորողի մտքերը և պարզելու ավելացրած պաշարը  նախագծի միջոցով
  • Դարձնել արդյունքը բաց՝ այլ սովորողների համար որպես օգտակար միջոց ծառայեցնելով

Ստորև ներկայացնեմ մեր իրականացրած նախագծերից:

Սկսեցինք 4-րդ դասարանում արագության, ճանապարհի, ժամանակի խնդիրների ուսումնասիրմանը զուգընթաց նախագիծ: Սովորողները ոչ միայն պարտավոր չէին հիշել գրքային բանաձևերը, այլ չափումներով և ստուգումներով համոզվել, թե ինչպես են ստացվում այդպիսի մեծությունները: <<Մակերես>>-ին վերաբերող նախագծում նրանց ոգևորվածությունը և ընդգրկվածությունը աշխատանքին առիթ է տալիս մտորելու, թե ինչու չպետք է մնացած դպրոցներում ևս կիրառել այսպիսի կիրառական մեթոդներ, որոնք սովորողների ուղեղից կհանեն <<Չոր մաթեմատիկա >> գաղափարը: Լինելով դասավանդող դու նույնպես ոգևորվում ես, որ տվածդ գիտելիքները երեխաները առանց դժվարության, թեկուզ և մի քիչ երկար ժամանակով՝ ինչպես նշել է Արեն Համբարձումյանը, կարողանում են կիրառել: Նրանք գիտեն, որ դպրոցի միջանցքը երկար է, բայց երբևէ ուշադրություն չեն դարձրել դրա երկարությանը, սակայն երբ հաշվելով ստացան այդ 46 մ-ը, սկսեցին տարատեսակ հարցեր հնչեցնել: Կամ օրինակ 5-րդ դասարանցիների հետ <<Ծավալ>> թեմայի յուրացման համար անհրաժեշտ էր նախագիծ մշակել: Սովորողները այդ նախագծի կատարումից հետո անհնար է մոռանան ծավալի հաշվման նրբությունները: Կարևոր նախագիծ եմ համարում նաև իմանալ դպրոցի ամենամսյա ծախսերի ցուցանիշները: Մեծ ոգևորությամբ հաշվեցինք Հարավային դպրոցի մարտ ամսվա կոմունալ ծախսերը: Սովորողներից հետաքրքիր էր Մանե Հովհաննիսյանի զարմանքը, երբ գազի ծախսը գերազանցել էր 1000000-ը: Մեծ հնարավորությունների անծայրածիր հարթություն է այսպիսի դպրոցը, որտեղ կարելի է անել այն, ինչ անհրաժեշտ է ցանկացած սովորողի զարգացման, դաստիարակման և բարձր արժեհամակարգի  համար: